Պարույր Սևակ

 

ՈՒՇԱՑԱԾ ԻՄ ՍԵՐ

I

Դու տեսնո՞ւմ ես հիմա, իմ սիրելի՜,
Թե մեզ ո՜ւր հասցըրեց քո ուշացած սերը,
Քո ուշացա՛ծ սերը,
Դու չուշացա՜ծ իմ սեր:
 
Կշտամբանքի խոսքեր ես չեմ ուզում ասել:
Բայց դու ո՞նց թույլ տվիր, 
Որ նա՛ դառնա տերըդ,
Ում դու չէիր սիրում 
Եվ ում համար
Չէին դողում շրթերդ՝ ինչպես հիմա,
Չէին շողում աչքերդ՝ ինչպես հիմա,
Ինչպես հիմա՝ կուրծքըդ չէր տըրոփում կրքով:
 
Ինչպե՞ս դու քանդեցիր տունըդ քո իսկ ձեռքով:
 
Զուր մի՛ արդարանա: 
Սիրո հարցում 
Չի՜ ճանաչում կյանքը արդարացում:
 
Զուր մի՛ ասա, թե դու 
Բոլորովին անփորձ աղջիկ էիր այնժամ,-
Սե՜րը, ո՛չ, չի զգում փորձի կարիք:
 
Մի՛ մտածիր իզուր, 
Թե կյանքն ինքը քեզ հետ իբըր վարվեց դաժան,-
Կյանքը չի՜ բաժանում չարիք-բարիք:
Եվ մի՛ կարծիր իզուր, 
Թե չբերեց բախտըդ:
Բախտ բերելըս ո՜րն է, 
Նրան ձե՛ռք են բերում:


II

Եվ այսպես է լինում.
Նրբության տեղ՝ սիրով
Ոմանք նուրբ մետաքսն են գերադասում հաճախ։
 
Եվ այսպես է լինում.
Տաքության տեղ սիրո
Ոմանք տաք մուշտակն են գերադասում հաճախ։
 
Ո՞ր հիմարը կասի, թե վատ բան է
Բարձըր աստիճանը, 
Փողով լի գրպանը,
Եթե... սիրո հարցում շիրիմ չէ գրպանը:
 
Երախտապա՜րտ եմ ես դատարկ իմ գրպանին,
Թե չէ, ի՛նչ իմանաս, աստվա՜ծ չանի,
Չէ՞ որ կարող էր նա ինձ էլ գուցե
Ուրիշների հիմար դրության մեջ գցել.
Կարող էի, այո՛, կարող էին ինձ է՛լ
«Աղվես» -ի տեղ իրենց ուսին գցել.
Իբրև մուշտակ՝ կրել,
Իբրև ոսկե քորոց՝ կրծքին խրել։:
Չեն կարո՞ղ, 
Ի՞նչ է,
Նրանք՝ հետիոտըն,
Իսկ ես ձիավո՞ր եմ.
Նրանք՝ կլոր զրո,
Իսկ ես միավո՞ր եմ:
 
Ախ,չէ՞, կարո՛ղ էին, 
Որովհետև կյանքում
Մեծագույնը մեծին միշտ հաղթում է։
Իսկ շատերի համար, անշուշտ, սրտից մեծ է
Կահավորված-կարգին-շքեղ տունը:
 
Ախ, չէ՜. կարո՛ղ էին,
Որովհետև կյանքում
Թեպետ հաղթությունը միշտ նորինն է,
Սակայն հինն էլ կյանքում
Նրանով է կանգուն,
Նրանով է զորեղ,
Որ նա հին է: 
Իսկ «քաղքենի» կոչումն այնքան է հին կյանքում,
Որքան... ինքը կինը:
 
Բայց արտաքուստ քեզ պես
Ու քեզ նման կարծես
Նույն այդ կինը
Անհունորեն քեզնից և տարբեր է այնպես,
Ինչպես նկարներից՝ «նեգատիվը»:
 
Եվ ինձ համար բախտ է, 
Մեծ պատիվ է,
Որ դու ուրի՜շ կին ես,
Իմ անգի՛նըս,
Որ հեռու ես ամեն մի քաղքենուց,
Ինչպես պղտոր ջուրը՝ կարմիր գինուց...


III

Բայց, սիրելի՛ս, քեզ հետ եղել է վատթարը,
Քեզ հետ պատահել է ահավորը:
Քաղքենուհին անգամ պակաս մեղավոր է,
Քան դու՝
Իմ անմե՛ղըս,
Իմ արդա՜րըս:
 
Նա՝ վատ թե լավ՝ կյանքում առևտուր է անում.
Մի բան՝ տալիս,
Տեղը ուրիշ բան է առնում:
Նրան կարելի է արհամարհել,
Իսկ քեզ... կարելի է քեզ չներե՜լ,
Որովհետև նրանք սեր են խաղում,
Իսկ դու... խաղացել ես դու սիրո՜ հետ.
Որովհետև նրանք կյանք են խաղում,
Իսկ դու... խաղացել ես դու կյանքի՜ հետ:
 
Քեզ ո՞նց ներել, թե դու
Գնացել ես մարդու
Այնպես, ինչպես մի օր քո հեռավոր տատը,
Երբ որ հարցը ոչ թե սերն ու սիրտն են լուծել,
Այլ, ամենից առաջ, մատնեմատը։
Ինչպե՞ս ներել, թե դու
Գնացել ես մարդու,
Ինչպես Արևելքում ընդունված է եղել
Երկո՜ւ հազար տարի՝
Զավակի հետ մի լավ գերդաստանի,
Որի յոթը պորտին ճանաչել է հայրըդ,
Որի յոթը պորտին ճանաչել է մայրըդ,
Ճանաչել են, 
Սակայն նրա գերդաստանի՜ն,
Բայց ո՛չ նրան, ում դու
Գնացել ես մարդու:
 
Գնացել ես մարդու 
Եվ... մտածե՛լ,
Թե սերն ինքը,
Եթե կյանքում նա կա,
Հետո մի օր կգա,
Թո՛ղ որ առաջնեկի՝
Քեզ պես ու քեզ նման մի աղջըկա,
Թո՛ղ որ երկրորդ մանկան՝
Իր հոր քթից թռած մի շեկլիկի
Ծնընդի հետ,- մե՜կ է՝
Միայն թե գա...
 
Սակայն սերը փառք չէ, 
Ոչ էլ հաջողություն,
Որ հետո գա
Եվ կամ 
Բնավ չգա:
Հյո՛ւր չէ,
Որ մերթ ընդ մերթ այցելի ձեր տունը,
Մերթ պատճառի հաճույք
Ու մերթ՝ տհաճություն,
Խանգարելով անուշ ձեր ետճաշյա քունը։
Ախ, չէ՜,
Սերը հյո՛ւր չէ,
Տանը հյո՛ւր չէ սերը:
Թե բանն այդտեղ հասավ՝
Նա տանտե՜ր է:
 
Հիմա դու լավ գիտես, 
Իմ սիրելի՛,
Որ սիրո հետ խաղալ չի՜ կարելի.
Ո՛չ նա խաղալիք է,
Ո՛չ էլ մանուկ ես դու:
Իսկ թե խաղալիք է՝
Նա չի ջարդվում ինքը.
Հետը խաղացողին արդեն ինքն է այնպե՛ս ջարդում,
Ինչպես որ նա քեզ է ջարդել հիմա...
Մի՞թե արդեն պարզ չէ և քե՛զ համար,
Որ կարող է սերը... վրեժխնդի՜ր լինել,
Վրեժ լուծել՝
Իրեն անտեսելո՜ւ համար.
Տառապալից սիրով չսիրողին զինել,
Ինչպես որ քեզ՝ հիմա...


IV

Ես սառույցի նման կհալչեի
Քաղքենական տաքուկ ու գաղջ օդում,
Եվ ինձ... ինձ չէր փրկի 
Եվ ո՛չ մի սառնարան՝
Վերջին «մարկան» վրան:
 
Ես թշնամո՛ւս անգամ չեմ կամենում 
Տնաբույս ճյուղ լինել արմավենու՝
Լուսամուտի գոգին,
Կըճուճի մեջ կավե,
Եվ կամ լինել ոսկե-չգործածվող գավե՜ր...
 
Չէ՛, ես սառույցի պես կհալչեի
Քաղքենական տաքուկ ու գաղջ օդում:
Բայց... ես ո՜նց եմ ուզում
Ու երազում,
Անգի՛ն,
Քո ոտքերը տեսնել իմ գրկաբաց շեմքին,
Քեզ մեկընդմիշտ տեսնել իմ տանն աղքատ ու հին
Եվ հավատալ, որ դո՛ւ, 
Դո՜ւ ես տանտիրուհին:
 
Բա՛րձըր,
Բա՜րձր է հնչում.
                  «Իմ սիրելի՜»,
                  «Իմ սե՜ր»:
Բայց ես ո՜նց եմ ուզում
Ու երազում, 
Անգի՛ն,
Քեզ շշուկով, ան-ծա՜յր մի շշուկով ասել,
Քեզ շշնջալ.
                  «Իմ կի՜ն»...


V

Իսկ դու ուրիշինն ես,
Իսկ դու ուրիշինն ես,
Դո՛ւ - ուրիշի՜ն:
 
Դո՛ւ, իմ հարազա՜տը,
Մոտի՜կ - հարազատը,
Եվ - ուրիշի՜ն...
Ա՜խ, ուրիշին թող որ մեկ ուրիշը լիներ,
Չէ՞ր կարելի, ասա ՛:
Ա՜խ, դու այդ ինչպե՞ս ես ուրիշինը եղել,
Իմ սիրելի՜, ասա՛...
 
Եվ նա ով է՝ գիտե՜մ:
Պարզ է. նա ո՛չ կարիճ, 
Եվ ո՛չ էլ իժ է նա:
Գուցե վատ չէ այնքան,
Գուցե լավն է անգամ,
Բայց քեզ համար օտա՜ր - ուրի՜շ է նա...

VI

Ինձ բռնեցի հանկարծ ես այն բանում,
Որ ոտքերըս հաճախ ինձ, ակամա
Անվերջ այգիներից - այգիներ են տանում:
Իսկ դուք մի՛ շտապեք հանցանքի մեջ բռնել:
Այգիներ եմ գնում ո՛չ թե նրա համար,
Որ շրջում են այնտեղ կանայք ամե՜ն ոճի.
 
Կանայք՝
         Նման նրբին ճենապակու.
Հիանալ ես ուզում, ուրիշ ոչի՜նչ...
 
Կանայք՝
         Նման շքեղ սիրամարգի.
Իրենք՝ անգույն, մինչդեռ նրանց հագի՜ն...
 
Կանայք՝
         Նման դռան, որ չեն փակում.
Կողպեք բաց անելու ո՛չ մի հակում...
 
Եվ աղջիկնե՜ր.
                  Աչքերն այնպե՛ս վճիտ,
Որ լեռնային ջրին եթե ասես՝
«Ջինջ ես աղջըկական աչքերի պես»,
Ջուրը հիացմունքից կլճանա մի պահ,
Շո՛յված կզգա այնպե՛ս, 
Կզգա այնպե՜ս հպարտ:
 
Եվ աղջիկներ բազո՛ւմ-
Այնպես նազո՜ւն,
Նազո՜ւկ,
Որ ամե՛ն մի պախրա,
Ամեն եղնի՛կ,
Այծյա՜մ
Ցնծությունից պիտի շիկնի ներքուստ,
Եթե լսի հանկարծ իր հասցեին.
«Ասես աղջիկ լինի, ահա թե ի՜նչ»:
 
Եվ աղջիկնե՜ր-
                  Այնքա՛ն կախարդիչ ու թովիչ
(Նրանց թովչանքն արդյոք ի՞նչ մակդիրով չափես),
Եվ աղջիկնե՜ր-
                  Թովիչ՝
                  աղջըկա՛ պես...
 
Բայց ինձ այգի են տանում ոչ թե նրանք՝
Ո՛չ թե այս բոց կանայք, 
Աղջիկներն այս կրակ,
Ո՛չ էլ անծանոթին
Իբրև մոտիկ,
Վերջ ի վերջո «դու»-ով անվանելու հույսը...


VII

Սակայն ճիշտ է, որ ես այգիներ եմ գնում,
Եվ ճիշտ է, որ այնտեղ կանա՛յք չեն ինձ տանում:
 
Մանուկներն են տանում, երեխե՜քը:
 
Լայն ծառուղի:
Ավազ, որ և շեկ է,
Ինչպես այն թմբլիկը, ա՛յ, այս մեկը,
Որ իր գլխին,
Ասես
Թասակի պես,
Անվտանգ արևն է մազերի տեղ կրում:
Ինչպես և այն մե՛կը,
Այն մե՜կը, տե՛ս,
Որ ավազին, մատով, ինչ-որ բան է գրում:
Ժպտուն դեմքը նրա,
Նրա ձեռ ու ոտը
Այնպես պեպենոտ է,
Որ ուզում ես լվալ առվի ջրով այս ջինջ.
Քեզ թվում է տղան ոչ թե պեպենոտ է,
Այլ որ նրա դեմքը,
Նրա ձեռ ու ոտը
Այս ավազն է նախշել, ուրիշ ոչինչ:
 
Իսկ հապա ա՛յս մեկը...
Ա՛խ, այս երեխե՜քը...
 
Ամեն մեկըս ունի իր մեծ թուլությունը.
Մեկին՝ բարությունը,
Մեկին՝ մայրությունը,
Մեկին՝ խմիչքները, 
Մեկին՝ սերը կանանց։
Ինձ մոտ մանուկների տիրություն է.
Ինչքան ինձ հիշում եմ՝ 
Հպատա՜կն եմ նրանց:
 
Ես, իսկապես ասած, այսպես եմ հասկանում.
Մարդիկ ուրիշ բան չեն, քան թե մանուկ՝
Մանուկ - հասակ առած,
Մանուկ - տարեց դառած,
Եվ, վերջապես, նաև մանուկ - ծերուկ:
 
Ես, իսկապես ասած, այսպես եմ հասկանում.-
Մեր մեջ ամեն լավ բան մանկականն է,
Ուստի «մանկականն» է լավի ածականը.
Այդպես չի՜ կարելի կոչել ժխտականը...
 
Իսկ դուք նկատե՞լ եք,
Բոլոր մանուկները
Ե՛վ նման են իրար, 
Ե՛վ իրարից տարբեր:
Չե՞ք նկատել արդյոք, որ աշխարհում
Տգեղ մանո՞ւկ, երբե՛ք,
Աշխարհումըս բոլո՜ր մանուկներն են սիրուն...
 
...Ու ես թափառում եմ այգիներում,
Որ վերստին լսեմ զանգ-ծիծաղը նրանց,
Տեսնեմ ինքամոռաց-տարված խաղը նրանց.
Տեսնեմ,
Թե ինչպես են կավից տնակ շինում,
Գոտի շինում խոտից.
Տեսնեմ,
Թե ինչպես են իրենք իրենց զինում՝
Լաց լինելով ստից.
Լսեմ,
Թե ոնց նրանք բլբլում են անվերջ
Ու մոր հոգին հանում.
-«Իսկ այս ի՞նչ է, մա՛մա»…
Լսե՛մ,
Թե հալվելով՝
Ի՜նչ սիրով է նրանց մայրը պատասխանում,
Մերթ էլ.
-«Բավական է, դե մի՛ հանիր համը»...
Տեսնե՛մ,
Թե ինչպես են մեկը մեկի առաջ
Իրենց հայրիկներով հպարտանում.
Սրանն ինժեներ է, 
Նրանն օդաչու է,
Որ... երկընքի՜ց անգամ անց է կենում...
 
Այստեղ ես հասկանում,
Զգում ու հասկանում ամբողջ սրտով,
Որ դու ի՞նչ էլ լինես՝
Ճարտարապե՛տ,
Վարպե՛տ,
Միլիցիոնե՛ր,-
Դու ամենի՜ց առաջ՝
Այս ամենից առաջ և կամ հետո՝
Պարտավոր ես կյանքում... «հայրի՛կ» լինել...
Եվ խենթ մի ցանկություն
Լափլիզում է քո սիրտն ու քո հոգին
Որ քե՛զ,
Եվ քե՛զ,
Եվ քե՜զ
«Հայրիկ» կոչի ձայնը ինչ-որ մեկի:
 
Ինչո՞ւ ինչ-որ մեկի։
Ո՛չ թե ինչ-որ մեկի,
Այլ, սիրելի՜ս, ձայնը մե՛ր մանկիկի...


VIII

Մենք ինչքա՜ն ենք տխրել՝ երազելով,
Ես աղջիկ եմ ուզում, 
Իսկ դու՝ տղա:
Ես աղջիկ եմ ուզում՝ քո՛ մազերով,
Դու տղա ես ուզում՝ ի՛նձ պես թխաչ...
 
Ես աղջիկ եմ ուզում, 
Որ քեզ նման լինի.-
Քեզ պես՝ կախարդանքով իրեն զինի.
Քո հասակի նման՝ մանկանկար հասակ,
Ինչպես քո դեմքի շուրջ՝ լուսապսակ.
Լինի քեզ պես նազո՛ւկ,
Քեզ պես նազո՜ւն,
Եվ քեզ նման զգաստ, 
Ե՛վ երազուն.
Որ երբ ժպտա քեզ պես՝
Բացվի արշալույսը.
Ու երբ նայի քեզ պես՝
Վառվի մարած հույսը.
Երբ ծիծաղի քեզ պես՝
Զգաս-
         Կյանքն է զնգում.
Ու երբ սիրի- 
         Զգաս՝
Արժե՜ ապրել կյանքում։
Ամե՛ն ինչով նման, 
Թուլությունո՜վ անգամ,
Քե՛զ պես,
Միայն... քեզ պես դառնություննե՜ր չզգա...
 
Իսկ դու «չէ՛» ես ասում.
Դու ուզում ես տղա:
 
Թո՛ղ որ իր հոր նման տգեղ լինի, ոչի՜նչ,
Բայց թող աստղով լինի՝ իր հոր նման:
Մոր հոգու հետ, ոչի՜նչ, իր հոր նման
Թող նա մեկ-մեկ խաղա,
Չարություններ անի,
Բայց թող՝ իր հոր նման՝ երբե՜ք երես չառնի:
Թո՛ղ որ՝ իր հոր նման՝ շա՜տ բան տեսնի կյանքում,
Բայց թող՝ իր հոր նման՝ մի՛շտ էլ մնա կանգուն.
Թո՛ղ նա իր հոր նման՝ մեղկությունը ատի,
Փոքրոգություն, քծնանք իր հո՛ր նման դատի.
Իր հոր նման՝ երբեք չշլանա փառքից,
Թող շլանա, լավ է, աղջիկների քայլքի՜ց.
Իր հոր նման՝ թող որ հափշտակվի՛, տարվի՛,
Բայց երբ ժամը հասնի, հո՛ր պես սիրահարվի,
Հո՛ր պես կարողանա ատել, սիրել,
Կարողանա քե՛զ պես բախտի տիրել...
 
Ես ինչպե՜ս եմ ուզում
Ինձ հա՛յր տեսնել,
Դու ինչպե՜ս ես ուզում
Քեզ մա՛յր տեսնել...


IX

Բայց դու արդեն... արդեն մայր ես վաղուց.
Բակում քո տղան է հիմա խաղում...
 
...Ես ո՛չ փոքրոգի եմ, 
Ո՛չ տգետ եմ,
Սակայն արի ու տես, որ խանդոտ եմ:
 
Ես խանդոտ եմ, ինչպես գարնան գետը՝
Ամեն ջրի հանդեպ,
Ինչպես արեգակից խանձված խոտը՝
Ամեն հրի հանդեպ:
 
Ի՜նչ փույթ, թե խանդելու չունեմ տեղիք,
Բայց իրավո՜ւնք...
Չէ՞ որ ամբողջովին քոնն եմ:
Քո՜նն եմ,
Բայց ո՛չ իբրև կրծքիդ թառած ծաղիկ.
Քո՜նն եմ,
Սակայն իբրև ո՛չ պաշարված քաղաք,
Ո՛չ էլ հարձակումով մեկեն շահված քաղաք:
Քոնն եմ ամբողջովին՝
Ա՛յն տան նման,
Ուր դու և՛ տանտեր ես այդ տան համար,
Ե՛վ տան միա՜կ-միա՜կ բնակիչը:
Չէ՞ որ ես այլ բան չեմ,
Ես լոկ սիրո ճիչ եմ՝
Խոսուն կասկածներիդ լուռ փարատման համար:
Քոնն եմ իմ անցյալո՛վ, 
Իմ ներկայո՛վ,
Երազներո՛վ բոլոր, 
Ապագայո՜վ.
Քոնն եմ ամբողջովի՜ն, 
Իմ սիրելի՛ս։
Սա իրավունք մի՞թե ինձ չի տալիս
Գեթ այսքանից հետո պահանջելու,
Որ իրավունք չունես ինձ տանջելու,
Որ դու պիտի լինես ի՛մը՝ անվերապա՜հ,
Ի՛մը՝ ոտից գլո՜ւխ, 
Ի՛մը՝ ամբողջովի՜ն.
Որ քո գորովագին սիրո ծովին
Ես տեր լինեմ,
Ինչպես ծովի հին աստվածը՝
Ինքը՝ Պոսեյդոնը.
Որ դու ամբողջովին ի՛մը լինես այնպես,
Ինչպես ես եմ քոնը.
Որ մի՜ կաթիլ անգամ դու չցրես,
Էլ չեմ ասում՝ սիրե՜ս...
 
Էլ չեմ ասում՝ սիրե՞ս...
 
Բայց ես գիտեմ, թե դու ո՜նց ես երկըրպագում,
Ո՜նց ես պաշտում... նրան, 
Որ կոչում է քեզ «մայր»:
Ու ես, որ ո՛չ կույր եմ, 
Ո՛չ էլ հիմար,
Միշտ մի հարցի առաջ աչք եմ փակում.-
Ո՞վ է առաջինը քո մեծ հոգում.
Ե՞ս եմ արդյոք, թե նա,
Ու վա՜յ թե նա...
Եվ ի՜նչ էլ որ լինի՝
Ես չեմ խանդում նրան,
Ա՛խ, չէ՜, ես լոկ քեզ եմ որդուդ համար խանդում.
Չէ՞ որ նա լոկ քոնն է և... իմը չէ:
 
Ու ես ո՜նց կուզեի,
Ո՜նց կուզեիր և դու,
Որ նա լիներ ի՛մը,
Որ ինձ «հայրի՜կ» կանչեր,
«Հայրիկ» այնպե՜ս կոչեր,
Այնպե՜ս գոչեր,
Որ աշխա՜րհը լսեր հոր անունը:
 
Բայց նա քոնն է միայն և իմը չէ:
 
Ցավն էլ այստեղ է, որ... խորանում է...


X

Հո ասեղ չէ սերը, որ կորցընես,
Իսկ թե ասեղ է նա՝ կթաքցընե՞ս
Ինչ որ բարձիկի մեջ կամ տոպրակում։
Եթե ասեղ է նա՝ 
Աչք է ծակում...
 
Դե՛հ, ո՞ւմ լավ հայտնի չէ մեր իսկ թուլությունը.
Մենք բոլորս էլ մի քիչ փսփսուք ենք սիրում։ 
Իսկ գեղեցիկ սեռի դրությունը
Շա՜տ է նախանձելի այս հարցերում:
Ոմանց համար արդեն դա մի թուլություն է,
Ինչպես ջուր խմելը, հաց ուտելը...
Պատկերացրեք հիմա դուք մեր դրությունը։
Պարզ է. հայտնի դարձավ և մեր սերը:
Ուրիշները դարձան կիսով նրա տերը.
Ե՛վ այս, և՛ այն կողմից տընտըղեցին նրան,
Մերթ թաղեցին նրան,
Մերթ պեղեցին նրան:
Ուրիշ խոսքով ասած՝ 
Նա մի դրոշ դարձավ, 
Որ ո՛չ թե ձեռքից-ձեոք - բերնից-բերա՜ն անցավ...
 
Չէ՛, ասե՜ղ չէ սերը, որ թաքցընես,
Իսկ թե ասեղ է նա՝ 
Աչք է ծակում.
Իսկ թե ասեղ է նա՝ 
Հենց թաքցընես՝
Քո ցանկությանն ընդդեմ կհագցընես
Պոչից երկա՜ր մի թել, 
Որ երևա՛ իսկույն։
Մենք ասեղը թելել բնավ չենք էլ փորձել:
Բայց ի՜նչ...
         Դուրս է գալիս՝
Հիմար բան ենք գործել.
Կարելի է, ինչ խոսք, սիրահարվել
Միայն... հարկավոր էր խելոք վարվել,
Սուսի՜կ - փուսի՜կ այնպես...
 
Աստվա՛ծ վկա, այսպես
Չէ՞ որ կարելի է անգամ խելագարվե՜լ:
Ախար իմ ի՜նչ գործն է՝ մարդիկ ո՞նց են անում:
Իմ ի՜նչ գործն է.
Մարդիկ շա՛տ բաներ են անում,
Հազար ու մի տեսակ վա՛տ բաներ են անում:
Ես գործ ունեմ մարդկա՜նց,
Ո՛չ թե ամեն կարգի նրանց արարքի հետ.
Ես գործ ունեմ սիրո՜,
Ո՛չ թե թաքուն կապի հրայրքի հետ.
Միայն աղբյուրի՜ հետ հավերժախոս ու ջինջ,
Եվ ո՛չ հոսանքի հետ հեղեղային.
Եվ ո՛չ երբեք մոր հետ այն տղայի,
Որին չար ընկերն է խաղում դաղում.
                           -«Է՜յ, բի՛ճ...»:

 

ԵՐԵՎԱՆ-ԷՐԵԲՈՒՆԻ

Երևան դարձած իմ Էրեբունի,
Դու մեր նոր Դվին, մեր նոր Անի,
Մեր պոքրիկ հողի դու մեծ երազանք,
Մեր դարե կարոտ, մեր քարե նազանք:
 
Երևան դարձած իմ Էրեբունի,
Դարեր ես անցել, բայց մնացել ես պատանի,
Քո Մասիս հորով, քո Արաքս մորով
Մեծանաս դարով, Երևան:
 
Մենք արյան կանչեր ունենք մեր սրտում,
Անկատար տենչեր ունենք դեռ շատ:
Մեր կանչն առանց քեզ՝ իզուր կկորչի,
Առանց քեզ՝ մեր տաք տենչն էլ կսառչի:
 
Կյանքում ամեն սեր լինում է տարբեր,
Իսկ մենք բոլորս ենք քեզանով արբել,
Տաք է սերը մեր՝ շեկ քարերիդ պես,
Հին է սերը մեր՝ ձիգ դարերիդ պես:

1968թ.


Օգնիր ինձ, Մարիա'մ

Օգնի՜ր ինձ, Մարիա'մ
Բարեխոս եղիր իմ և իմ միջև
Օգնի՜ր ինձ, Մարիա'մ,
Անաղարտ մնամ
Այն ճահճանման աղտ-աղարտի մեջ,
Որ դժգոհություն բառով է կոչվում:
Դժգոհությունից ես շա՜տ եմ դժգոհ:
Օգնի՜ր ինձ Մարիա'մ,
Եվ ասեմ' ինչո'վ.
Բարեխոս եղիր ի'մ և ի՜մ միջև,
Որ բանն ավարտվի ինքնահաշտությամբ:
Ես խռովել եմ նաև աշխարհից.
Ե'կ ու վերստին հաշտեցրու՜ դու մեզ,
Թե չէ ես այսպես ապրել չե՜մ կարող:
Ուզում եմ նայել ինձ ու աշխարհին
Լիացա'ծ, ժպտո'ւն ու գո՜հ աչքերով'
Հաղթելով և' քաղցը, և' պապակ փափագ:
Ուզում եմ ապրել անչար ու բարի'
Գմբեթի ճեղքում բուսած տուղտի պես...
Մի բու թառել է իմ զույգ աչքերին.
Թռցրո'ւ նրան:
Մի ձու սպիտակ ինձ բիբ է դարձել.
Կորցրո'ւ այդ ձուն:
Ճանճեր են նստած ինձ վրա
Այնպե'ս,
Ինչպես քունջութը' կաթնահունց հացին:
Ճանճը քունջո'ւթ չէ.
Հացս չի՜ ուտվում:
Ճանճով է լցված իմ ներսը նաև,
Ինչպես վարսանդը' խաշխաշի սերմով:
Խաշխաշ չե՜մ ուզում.
Կակա'չ դարձրու:
Ասում են, իբր, կապույտի վրա
Չեն նստում ճանճեր:
Լսում ես Մարիա'մ,
Ինձ ներս ու դրսից կապու՜յտ հագցրու...