Պարույր Սևակ

Показаны сообщения с ярлыком ԲԱԺԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԵՂՆ ՈՒ ՏԵՂԸ. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком ԲԱԺԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԵՂՆ ՈՒ ՏԵՂԸ. Показать все сообщения

ԲԱԺԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԵՂՆ ՈՒ ՏԵՂԸ


Անտառը հիմա անչափ է նման
Չին-ճապոնական մի ակվարելի:
Ու ես էլ հիմա
Անզարդ եմ, ինչպես մանկական նկար:

Եվ լռություն է՝
Ծայրահե՛ղ այնքան,
Որ սարսափահար վխկաց մի շնիկ
Եվ տեղն ու տեղը սարսափած լռեց:

Հետո՛, շա՜տ հետո,
Ինչ-որ մի որսորդ կրակեց հանկարծ,
Ու ներքև ընկավ... մի ձայն թռչնային՝
Չձայնագրվող ճնգոցով մի կարճ...

Բաց լուսամուտից ես նայում եմ դուրս:
Հետո՛, շա՜տ հետո,
Նայում եմ նաև բաց լուսամուտին.
Կարծես թե ներկը այս լուսամուտի,
Լուռ լաց է եղել ինչ-որ ժամանակ,
Եվ արցունքներն են կարծրացել հետո,
Հետո՞, թե գուցե տեղն ու տեղը հենց...

Խնձորի այգին այգի չէ կարծես,
Այլ... մի բացօթյա դիահերձարան.
Մահի պես ճերմակ սավանների տակ
Ծառերն են իրենց դողը փաթաթում...
Խեղճ պատշգամբը ողջունում է ինձ,
Եվ տեղն ու տեղն էլ հրաժեշտ տալիս.
Ես ներս եմ մտնում,
Եվ իմ ետևից դուռը փակելով՝
Հենց տեղն ու տեղը մկրատում-գցում
Սուրսայր-սրակող ցրտի մի պատառ,
Որ իմ սենյակի սուտ ամառվա մեջ
Իրեն զգում է մի վտարանդի
Կամ խեղճ ու կրակ մի աքսորական
Եվ տեղն ու տեղը մեռնում է իսկույն...

Ա՛խ, ո՜ւր էր հիմա չար արեգակը հանկարծ բարկանա՜ր,
Ելման գետերին վերստի՛ն գցեր զառանցանքի մեջ,
Այս հերձարանը կրկի՛ն դարձըներ խնձորի այգի,
Այս սուտ ամռանը ստիպեր գործել ինքնասպանությո՛ւն,
Այս խեղճ անտառը դարձներ կրկի՛ն յուղաներկ կտավ,
Այս լուսամուտի ներկին ստիպեր նորի՛ց արտասվել,
Ինձ էլ ստիպեր, որ այս ամենը լքեի՜ մեկից,
Եվ մինչև անգամ թե չպատահեր ավտոմեքենա՝
Կիլոմետրերը կուլ տայի ոտքով
Ու... հասնեի քե՜զ:

Իսկ եթե հանկարծ դու զարմանայիր
Իմ անակնկալ-անսպասելի այս այցի վրա՝
Վիրավորանքըս
Հենց տե՜ղն ու տե՛ղը մեզ կբաժաներ...

18.III.1964թ.
Դիլիջան