Պարույր Սևակ

Показаны сообщения с ярлыком ԳՏՆՎԱԾ ՄԻԱՎՈՐԸ. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком ԳՏՆՎԱԾ ՄԻԱՎՈՐԸ. Показать все сообщения

Գտնված միավորը


Ասացի՝ ի՞մն ես:
Ասացիր՝ քո՛նն եմ:
Ու լուռ ենք հիմա…
Իմ մազերն ես դու մատներով սանրում
(Թե՞ ակամայից ուզում ես նաև
Կարդալ ծերության այբուբենը պարզ՝
Արդեն ճերմակող մազերն իմ գլխի):

Ու լռում ենք դարձյալ…
Ես քեզ մտքիս մեջ փո՛րձ եմ պարտք տալիս,
Իսկ դու, կարո՞ղ ես, ժամանա՜կ փոխ տուր,
Որպեսզի կյանքը ՝ փորձարարն այս մեծ,
Նորի՛ց հաստատի
Նո՛ր օրինակով,
Որ կյանքում հաճախ այնպես է լինում,
Երբ սիրողները դեռ ողջ են-առողջ,
Իսկ սերը նրանց դառնում է լեգե՜նդ
Եվ…ապրում կյանքով հազարապատիկ…

Մենք լռում ենք դեռ…
Իսկ դրսում,- մի պահ, խնդրո՜ւմ եմ, լսի՛ր,-
Թռչուններ են ինչ-որ՝
Յուրաքանչյուրը մի-մի լարովի խաղալիք ասես,
Նույն երգն են երգում՝ լարաթափվելով,
Վերալարվելով՝ նույնը նորերգում
Ու նորերգելով կարծես թե հերքում
Քամուն այս մաղձոտ՝
Սկեպտիկոսին այս վաղնջական,
Որ փնթփնթում է՝ «ամե՜ն ինչ կանցնի»,
Ու «կանցնի», իբըր,լոկ ա՛յն պատճառով,
Որ 1 անգամ 1 հավասար է 1 և ոչ թե 2…

Ի՜նչ լավ է, որ քեզ
Հասկանալի չէ բարբառը քամու.
Դու ամենամե՜ծ հավատացյալն ես աշխարհում հիմա:
Ու ես էլ ահա հավատափոխվում-դարձի եմ գալիս,
Լցվում քո լեցո՜ւն-լեցո՜ւն հավատքով:

Ի՜նչ լավ է, որ դու
Ընդամենը քեզ կոչում ես «քո՜նն եմ»
Ու չե՛ս հասկանում,
Որ ընդամենը «ի՜մըս» չես միայն,
Այլ նաև…
Նաև միավո՜ր է պետք:

Միավո՜ր է պետք՝
Երջանկությունից կամ թուլությունից մշտապես ծնվող
Գլխապտույտի զերոյի՜ համար,
Զերոյանման մեր գլխի՛ համար,
Զերոյանման մեր սրտի՛ համար,
Եվ զերոյացող ա՛յն կյանքի համար,
Որ ինքն իրեն է ճարմանդած պահում:

Միավո՜ր է պետք:
Միավո՜ր է պետք
Ա՛յն հսկայական զերոյի համար,
Որ…Երկրագունդն է գծում պտույտով…

Իսկ դու, – ի՜նչ լավ է,-
Քեզ ընդամենը կոչում ես «քո՛նն եմ»
Ու դեռ, – ի՜նչ լավ է, – չե՛ս էլ կռահում,
Որ ընդամենը «իմըս» չես միայն,
Այլ ինքդ ես նաև այդ…Միավո՜րը:

(«Նորից չեն սիրում, սիրում են կրկին» շարքից)