Պարույր Սևակ

Показаны сообщения с ярлыком ԵՐԻՏԱՍԱՐԴ ՍԻՐՏԸ. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком ԵՐԻՏԱՍԱՐԴ ՍԻՐՏԸ. Показать все сообщения

.-Գ-. ԵՐԻՏԱՍԱՐԴ ՍԻՐՏԸ


I
Իմ օրորանն էր հեռու մի գյուղակ,
Սապատ տանիքով ծխոտ մի հյուղակ,
Ուր մանկությունն իմ ոչ ոքի չի խաբել
Խաղալիքներով:

Պաղ ալիքներով
Լվացվում անփույթ, դեմքս էի սրբում
Ինչով պատահեր, մեծ մասամբ թևքով,
Եվ, լեցուն սիրով ու անրջանքով
Ու մի կարոտով, որ անուն չունի,
Դաշտ էի ելնում գառների հետքով:

Իմ գառներն էին մուշ-մուշ արածում,
Իսկ գարնան հովը շվի էր ածում
Վայրի հացենու փչակում խորունկ,
Ուր ծաղկել էր մի սիրո անմոռուկ:

Իմ ուսին էիր մեղմորեն փարվում,
Ձեռքս էիր բռնում ափերով քո տաք...
Ողջը աշխարհում իմ շուրջն էր փռվում,
Իսկ ես՝ ողջի հետ՝ քո ոտքերի տակ...

Գառներն՝ իմ ձայնին, ես քո հայացքին 
Հնազանդ այնպես և այնպես խոնարհ,
Շրթներիս վրա խոսքը հիացքի,
Երջանկությունից աչքերս խոնավ՝
Տուն էի դառնում իրիկնապահին,
Եվ այդժամ միայն, միայն այդ պահին

Հասկանում, որ մի մեծ բան է պակաս.
Որ ես մենակ եմ և որ դու չկաս,
Որ դու եղել ես իմ երազներում,
Որ ես խաբվել եմ երազանքներով:

...Իսկ դու այդ պահին ինձանից հեռու,
Խաբված ես եղել խաղալիքներով.
Տարված ես եղել նույն այն գրքերով,
Որտեղ հերոսի-ասպետի դերում
Ես էի կրկին քո սիրտը գերում...

...Անուն չունեիր դու այն ժամանակ,
Չէ՞ որ, սիրելի՛ս, դեռ այն ժամանակ
Ո՛չ երջանկություն, ո՛չ կարոտ, ո՛չ սեր
Եվ ո՛չ տխրություն չունեին անուն:

Ես հիմա եկել ու քեզ եմ հասել
Ո՛չ երազանքով, այլ իրականո՜ւմ: 
Ես սիրում եմ քեզ նույն սիրով հիմա
Եվ պատանեկան նույն երազանքով:
Այժմ սիրելի անունիդ համար
Շրթներս են դողում մի գորովանքով,

Որ նույնիսկ հիմա դեռ անուն չունի,-
Բայց ես, փոխարեն քո թանկ անունի,
Երգերում դարձյալ քեզ «սեր» եմ կանչում,
Անվանում եմ «բախտ», «կարոտ» ու «թախիծ»,
Կուչ գալով ցավից և ոչ թե վախից՝ 
Մերթ ընդ մերթ նաև «տենչանք» եմ կոչում:

21.VII.1953թ.
Նավչալու


II
Թե ողջն այս էր նույնիսկ՝ լոկ մի գիշեր անցած,
Այգու չափարն այն հին, այն կարկաչող առուն,
Ու մեր ստվերները մթնում արձանացած,-
Ես քեզանով դարձյա՛լ այնպես լի եմ, հարո՛ւստ,

Թե ողջն այս էր նույնիսկ՝ ողջը քի՜չ չէր, անգի՛ն.
Այնտեղ տաք շշուկից ձմռան ձյունն էր հալչում,
Ասես մեզ էր լսում կիսաքնած այգին,
Մինչ մեր խոսքերի տեղ աղբյուրն էր կարկաչում:

Թե ողջն այս էր նույնիսկ՝ կյանքը քաղցր է հավետ 
Եվ ապրելու համար արժե մեռնե՜լ անգամ,
Միայն թե դու կրկին կախարդես ու թովես,
Միայն թե քեզ նորից իմ մատներով զգամ:

Միայն թե այն կավե չափարը շեն մնա,
Այգին ու դեղձենին ծաղիկ հագնեն նորից,
Եվ դեղձենու ծաղկի առէջների վրա
Մնա թեկո՜ւզ մի շունչ քո տաք շշուկներից:

21.XII.1946թ.
Երևան


III
Քուն եմ մտնում և արթնանում նույն կարոտով,
Թե միգուցե անց ես կենում իմ տան մոտով,

Թե միգուցե դու թեքում ես ճամփադ հանկարծ,
Որ բորբոքես հին հրդեհը դեռ չհանգած,

Որ բորբոքես քո հայացքով չվերծանվող,
Քո ժպիտով և վարակիչ քո ծիծաղով.

Այն ջերմությամբ, որ չի այրում, այլ խորովում,
Այն մեղմությամբ, որով հաշտվում ես, խռովում.

Այն ձեռքերով, որ խոսում են իմաստալից,
Չասված խոսքից ասված խոսքի իմաստ տալիս.

Այն նազանքով, որ նազանքից շատ է հեռու,
Այն բաժանքով, որ բաժանքից շատ է հեռու...

Ահա ինչու՝ ես ապրում եմ այն կարոտով, 
Որ նե՛րս կգաս, ո՛չ թե կանցնես իմ տան մոտով:

1953թ.

IV
Ողջը այս է. մի ջերմ հայացք անբարբառ ու անհանգիստ,
Որ փնտրում է ու քեզ գտնում փողոցների մայթերում,
Ուղեկցում է հեռվից-հեռու ինքնավստահ քայլվածքիդ,
Որ փոշու մեջ հետքն է թողնում, իսկ դրոշմը՝ սրտերում:

Այնուհետև՝ փակ կոպերս քեզ ծածկում են իրենց տակ... 
Կոպերիս տակ այնքա՜ն ծանոթ քո քայլվածքը զգալով,
Քեզ հետ մեկտեղ, քեզնից հեռու՝ ես քայլում եմ գլխահակ, 
Թեկուզ մի բառ քեզ ասելու փորձությանը անկարող:

Աշնան օրը ծանրանում է իմ հայրենի քաղաքում,
Իրիկվա հետ ստվերները երկարում են մայթերին:
Ստվերի պես՝ դու-օրորո՜ւն, դու-շորորո՜ւն, բեկբեկո՜ւն՝
Մե՛րթ՝ մոտենում, մերթ ինձանից հեռանո՜ւմ ես, խո՛ւյս տալիս:

Մոտենում ես կիսամթնում, ծածկերի տակ խանութի,
Հեռանում ես՝ լապտերների մոտիկությունն զգալով:
Ահա այսպես՝ ես քայլում եմ քեզնից հեռու և մոտիկ՝
Շշուկով իսկ քեզ կանչելու փորձությանը անկարող...

Եվ ինչ լա՜վ է, ինչ լա՜վ է, որ բանաստեղծ եմ ես, անգին,
Եվ չակնարկած անգամ թեթև, մի խոսք չասած քեզ կյանքում,
Ես կարող եմ երգեր գրել ստվերների՛, պատրանքի՛,
Կոպերի տակ լուռ ամփոփված սիրո՜ մասին այս թաքուն:

VI.1946թ.
09.VII.1951թ.
Երևան


V
Խոստովանանք լինի՝ ես քեզ մոտ եմ գալիս, 
Խղճի թեթև խայթից հոգուդ դուռն եմ բախում,
Ուրախության լացս քո գրկում եմ լալիս,
Քո գրկում եմ լինում մարդկայնորեն տխուր:

Քեզ եմ ապավինում դաժան հողմի ժամին,
Հաջողության քամին ինձ քո ափն է հանում,
Քեզ հետ ահավոր չէ վտանգ ու թշնամի,
Ամեն մի ծանրություն քեզ հետ հեշտ եմ տանում:

Երբ բացում ես դուռը և ինձ դիմավորում,
Թվում է, թե իմ դեմ ո՜չ մի փակ դուռ չկա.
Երբ իմ հանցանքներն ու զանցանքներն ես ներում,
Թվում է, թե դրանք չեմ էլ գործել անգամ:

Դու ինձ համար կյանքում կյանք ես կնոջ տեսքով,
Կնոջ տեսքով մայր ես և մոր տեսքով՝ ընկեր-
Ա՛յն, ինչ անհնար է արտահայտել խոսքով,
Ա՛յն, ինչ անհնար է մաշված տողով երգել:

11.VIII.1950թ.
Երևան


VI
Ձմեռ է: Եվ ցուրտ է: Դրսում ենք:
Քեզ հետ եմ. ջերմում ու մրսում ենք:

Քեզ հետ եմ, և կարծես ինձ հետ է
Աշխարհի մեծագույն պոետը:

Մեծագույն պոետը աշխարհի,
Որ առանց խոսքերի ու բառի

Երգերն իր քո առաջ փռում է,
Երգում է, երբ անգամ լռում է:

Աշխարհի մեծագույն պոետը,
Բայց այնքան, որքան ես քեզ հետ եմ.

Որ պիտի չքանա, երբ որ դու
Բաժանվես ու նորից գնաս տուն...

Եվ մնա՛, և մնա՜ խեղճ տղան
Առանց քե՛զ,
առանց ե՛րգ
ու տաղա՛նդ...

08.III.1952թ.
Մոսկվա


VII
Ոչի՜նչ, ոչի՛նչ չի պատահել արտասովոր.
Դու նույն աղջիկն ես հմայիչ, ես՝ նույն տղան,
Միայն՝ ժպտում են աչքերդ կարծես ցավով,
Եվ այս ճամփան էլ չի թվում այնպես խաղաղ:

Ոչի՜նչ, ոչի՛նչ չի կատարվել նկատելի.
Ո՛չ խարդավանք, ո՛չ խանդ, և ո՛չ կասկած մի կույր. 
Լոկ զգում եմ ես համրախոս քո մատներից,
Որ ինձ այսօր նրանք ինչ-որ սա՜ռն են զգում.

Եվ չի փոխվել ոչինչ նաև կյանքո՛ւմ կարծես.
Ամառային նույն արևն է և նույն փոշին: 
Ես զգում եմ՝ ինչ չգիտես ինքդ էլ գուցե.
-Դադարե՜լ ես ինձ սիրելուց,
Բայց... չես սիրում դեռ ուրիշին:

03.II.1947թ.
Երևան

VIII
Ա՛խ, քեզ ինչպե՞ս ասել, որ քեզ հիշում եմ դեռ,
Ինչպե՞ս չասել, որ դու դեռ թանկ ես ինձ համար,
Ինչպե՞ս մեզ բաժանող արգելակը քանդել,
Ինչպե՞ս չգալ քեզ մոտ, ինչի՞ համար:

Ինչպե՞ս չասել, որ՝ դու, միայն դո՜ւ չես թախծում,
Ինչպե՞ս ասել, որ ես ծնվել եմ քեզ համար,
Ինչպե՞ս չասել, որ ես միշտ էլ քեզ եմ տենչում,
Սակայն ինչպե՞ս ասել, ինչի՞ համար:

Չէ՞ որ բաժանվեցինք կարծես մեր ցանկությամբ,
Եվ այսօրը պարզ էր և ի՛նձ, և քե՛զ համար...
Հիմա ինչո՞ւ ցավել անցած երջանկությամբ, 
Եվ չցավե՞լ, ինչո՞ւ, ինչի՞ համար:

Ինչպե՞ս, ինչպե՞ս ասել՝ նորից արի՛, արի՜,
Ինչպե՞ս չասել, որ ես ապրում եմ քե՛զ համար:
Գեթ չխոստովանե՞լ ցավը մեր սրտերի, 
Խոստովանե՞լ, ինչո՞ւ, ինչի՞ համար...

27.VI.1946թ.
Երևան



IX
Անծանոթներ ենք մենք իրար,
Եվ փողոցում հանդիպելիս
Ես չեմ տեսնում դեմքիդ վրա
Քո ժպիտը այն լուսերիզ,
Որով գիտես դու ողջունել
Ծանոթներին քո բախտավոր.
-Ես այդ թովիչ բախտը չունեմ,
Անծանո՛թ ենք և հեռավո՜ր:

Բայց երբ հանկարծ այգում, մայթում
Հանդիպում ենք, ամեն անգամ
Կեռ թարթիչներդ ես դու թարթում
Ու նայում ես ինձ մի վայրկյան
Այնպե՜ս, կարծես պատահաբա՛ր,
Եվ... հիշելով ինչ-որ մի բան
(Իբր մի բան ես ստուգում),
Պայուսակդ ես բացում-փակում:

Անծանոթ ենք իրար: Սակայն
Հանդիպում ենք երբ մենք հանկարծ,
Ես էլ մի պահ, գեթ մի վայրկյան
Կանգ եմ առնում, որ իբր թե
Գլանակս վառեմ հանգած
(Գլանակս՝ վառվա՜ծ արդեն)...
Եվ... քայլում ենք այնուհետև 
Առերևույթ սառն ու թեթև:

Ա՛խ, դա խաղ է մի սրտակեզ,
Որով տենչանքն իմ չհանգած
Բորբոքվում է կրկին անգամ՝
Գլանակիս կրակի պես,
Իսկ դո՜ւ, իսկ դո՛ւ... Փնտրո՜ւմ ես դու,
Որոնո՜ւմ ես ինչ-որ մի բան
(Պայուսակո՞ւմ, թե՞ քո սրտում)
Որոնում ես համառաբար,

Եվ... չես գտնում հավանաբար...

1952թ.
Մոսկվա

X

Прошла любовь, явилась Муза...
А. С. Пушкин
Հիմա, երբ ողջը անցած է թվում,
Երբ առաջվա պես դու ինձ չես թովում,
Երբ երևալըդ, քայլվածքդ խոսուն
Ինձնից չեն խլում իմ ճարտար լեզուն,
Երբ ես կարող եմ քեզ հանգիստ նայել,
Սրամտելով՝ ժպիտդ շահել, 
Կատակով ասել ա՛յն, ինչ որ անցավ,
Ա՛յն, ինչ ես ասել չկարողացա
Ոչ խոսքո՛վ, ո՛չ էլ մի հատիկ երգով,-
Հիմա կքել եմ տողերիս ներքո:
Եվ քո փոխարեն հիմա էլ նրանք
Դարձել են գլխիս պատիժ ու կրակ,
Ինձ՝ քո փոխարեն չեն տալիս հանգիստ -
Մերթ՝ քո անունը կպչում է հանգիս,
Մերթ՝ ձայնըդ ինչ-որ բառ է շշնջում,
Երբ ես չգրված թղթեր եմ շրջում. 
Մերթ քո քայլվածքի լոկ հիշողությամբ
Չափեր եմ ընտրում - մեկ՝ քորեյ, մեկ՝ յամբ.
Անցյալում լոկ ինձ հասցեագրված
Քո մի ժպիտի ջերմությամբ գրված
Քանի՜ երգ ունեմ կիսատ ու լրիվ...
Բայց ի՞նչ դուրս եկավ: Չէ՜, երգ իմ, լռի՛ր:
Այսպես որ գնա, դե ի՞նչ դուրս կգա: 
Հանկարծ դուրս կգա, որ սերը կրկին
Հետապնդում է... հիմա էլ երգին:
Երգից էլ երգիչն ինչքա՞ն է -
մի քա՜յլ:

19.XII.1952թ.
Մոսկվա
15.VII.1953թ.
Նավչալու