Պարույր Սևակ

Показаны сообщения с ярлыком ՂՈՂԱՆՋ ՀԻՇԱՏԱԿԻ. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком ՂՈՂԱՆՋ ՀԻՇԱՏԱԿԻ. Показать все сообщения


ՂՈՂԱՆՋ ՀԻՇԱՏԱԿԻ (17.06.1971)


 
      1971 թվականի հունիսի 17ին Սևակն ընտանիքի հետ մեքենայով դուրս էր եկել հարազատ Չանախչի, այժմ Զանգակատուն վերանվանված գյուղից եւ ճանապարհին վթարի ենթարկվելով, զոհվել կնոջ հետ միասին: Վթարի ժամանակ Սեւակի որդին ևս մեքենայում էր ու իր ցուցմունքում պատմել, որ հարևաններից մեկը իրենց պետք է տաներ, Սևակը չի ուզել անհանգստացնել:
      «Առաջից մի բեռնատար ավտոճանապարհի մեջտեղից էր գնում, պապան մոտեցավ, ազդանշան տվեց, որ ճանապարհ տա: Բեռնակառքը շարունակեց մեջտեղից գնալ, պապան ջղայնացավ, ավելի երկար ազդանշան տվեց, վերջապես բեռնատարը թեքվեց աջ, պապան շատ արագ կողքով անցավ, թեքվեց աջ, ետեւ նայելով բեռնակառքի գյուղացի վարորդին` ցուցամատը թափ տալով հայհոյեց: Պապան դեռ չէր գտել իր բաց ճանապարհը, երբ բեռնատարը մի քիչ ձախ թեքվեց, մոտեցավ մեզ` կարծեմ պապային վախեցնելու համար: Պապան մեքենան անմիջապես աջից դեպի ձախ թեքեց, եւ աջ կողմից մեքենան բարձրացավ: Մամայի կողմից դուռը բացվեց, մաման ձայն հանեց ու ընկավ ցած: Պապան ձեռքը երկարեց, որ բռնի, մեքենան շուռ եկավ ու ցնցումով խփվեց գետնին»,- պատմել է Սեւակի որդին: Սեւակն այդ օրը խմած չի եղել, ու սպանության վարկածն էլ հերքվում է:
       Ողբերգության հանգամանքները մինչ օրս առեղծվածային են շատերի համար: Մի մասն ասում է , որ Սևակը սկսնակ վարորդ էր, և դա էր ավտովթարի պատճառը, իսկ մեծ մասը հակված է սպանության վարկածին:
       Գրականագետները պատմում են, որ այդ շրջանում կալանքի տակ էր Սեւակի «Եղիցի լույս» ժողովածուն: Գրքի տպագրության արգելքը Սևակին հասցրել էր անհավարակշիռ վիճակի: Դավիթ Գասպարյանը հարցազրույցներից մեկում նշել է . «Ես այն կարծիքին եմ, որ Պարույր Սևակը սպանվել էր այդ վթարից առաջ եւ սպանվել էր իր՝ "Եղիցի լույս" գիրքը կալանավորված տեսնելու հոգեբանական ծանր վիճակից: Եթե "Եղիցի լույսը" տպագրվեր ավելի վաղ, ես կարծում եմ՝ այդ ողբերգական վթարը տեղի չէր ունենա, որովհետեւ գրողի համար իր գրքի կալանքը մահ է: Նրա ուշքն ու միտքը անընդհատ իր գիրքն է եղել: Ես այն կարծիքի եմ, որ դա վթար էր, Սեւակը հոգեբանորեն վատ վիճակի մեջ էր, եւ նա վատ վարորդ էր»: Նաև պատմել է, որ բացի իշխանական հալածանքներից, Սևակը շարունակ գրական միջակություններով էր շրջապատված. «Ես հիշում եմ թաղման արարողությունը, և մարդիկ կային, գրական միջավայրի մարդիկ, որոնց դեմքին չթաքցված ուրախություն կար, որովհետեւ իրենց միջավայրից գնաց ամենամեծը, որը կարող էր բոլորին սանձել, ուղղորդել բոլորին»:
       Մահվանից հետո «Սովետական Հայաստան» թերթում Վահագն Դավթյանն «Այսպիսիները ուշ ուշ են ծնվում» վերնագրով հոդվածի տակ գրում է. «Հողով ծածկվեց գերեզմանի ահավոր փոսը: Հողաթումբը ողողվեց համաժողովրդական սիրո ծաղիկներով, բայց մեր սիրտն ու ուղեղը ոչ մի կերպ չի կարողանում ընտելանալ այն անհեթեթ անմիտ մտքին, որ նա այլեւս չկա: Նա կար եւ ինչպես կար` շռայլ ու շքեղ, նյարդային ու ազնիվ, կար մարդկային մի մեծ աշխարհ»:
       Հիշել էին նրա խոսքերը` «Թաղե՞լ է պետք, պառավ մորը որդին թաղի, ոչ թե մայրը ջահել որդուն»:
       «Ավանգարդ»- ում Գևորգ Էմինի խոսքերն էին` «անհնարին է, անտանելի, անհանդուրժելի, անիմաստ, անհնարին, անեռաձայն ու սգաձայն պատարագ»:
       Համո Սահյանն էլ ասել էր` մեր սերնդի բանաստեղծներից ամենակրտսերն էր նա, բայց ավագագույնն էր վաստակի ու հանճարի առումով:
       «Ասում են` պրծավ, գնաց, ասում են` գնաց պրծավ: Պարույր Սեւակը չպրծավ գնաց, Պարույր Սեւակը գնաց, չպրծավ: Դեռ ապագան է Պարույր Սեւակը»,- գրել է Սահյանը:
       «Պարույր Սևակ․ Զուտ սովետական սպանություն» երկհատորյա գրքի հեղինակն է Սերգեյ Գալոյանը։ Հեղինակը ուսումնասիրում է հայ սիրված բանաստեղծ Պարույր Սևակի կյանքը և մահվան հանգամանքները՝ հիմնվելով տարբեր փաստաթղթերի, արխիվային նյութերի, նամակների և կենսագրական գրքերի վրա։
       Սևակի մահվան կապակցությամբ Գալոյանի հիմնական վարկածը հետևյալն է. «Պարույր Սևակի սպանության մանրամասները ուսումնասիրելիս, վարկածները համեմատելիս այն եզրակացության եկա, որ այսպիսի սպանությունները բնորոշ են միայն սովետական հասարակարգին։ Գրքում ներկայացված են հիմնականում փաստեր և փաստաթղթեր, որոնք խոսում են այն մասին, որ Պարույր Սևակին կարող էին սպանած լինել ինչպես ուժային կառույցները, այնպես էլ պատահական անձինք... Երբ ուսումնասիրում ես Սևակի ստեղծագործությունները և կյանքը, տեսնում ես, որ նրան հոգեբանորեն կարող էին սպանել իր կողքի մարդիկ...»:
       ինչևէ... ապրում են դժվար և մեռնում են հեշտ…Սրանք հայ մեծանուն բանաստեղծ Պարույր Սևակի խոսքերն են: Խոսքեր, որոնք հստակ բնութագրում են 20-րդ դարի տաղանդավոր գրողին: Սևակի տան ճանապարհին այցելուները միշտ կանգ են առնում ավտովթարի վայրում` այս հուշաքարի մոտ եւ ուշադիր կարդում գրությունը` Պարույր Սևակ, 1971թ. հունիս 17` Սևակի մահվան օրն է: Ամեն տարի հունիսի 17-ին հանրապետության տարբեր քաղաքներից ու բնակավայրերից Պարույր Սեւակի ստեղծագործության բազմաթիվ երկրպագուներ անկախ տարիքից հավաքվում են նրա ծննդավայրում, բանաստեղծի շիրիմի մոտ եւ անցկացնում պոեզիայի ցերեկույթ:
       Ազգի մեծ զավակի հիշատակը վառ պահելու համար բանաստեղծի մահից տասը տարի անց հայրենի գյուղում կառուցվել է նրա տուն թանգարանը: Թանգարանին կից Սևակի այգին է, որը Սեւակն իր ձեռքերով է ստեղծել` մշակել հողը, տնկել շիվը, ջրել ծառը: Այգում են թաղված Սևակի ծնողները` Ռաֆայել եւ Անահիտ Ղազարյանները: Մի օր էլ Սևակ Ղազարյանի սիրտը գուշակել էր.երանի սխալվեմ, ես 50-ս չեմ բոլորելու, եթե մահանամ, ինձ գոնե էստեղ կթաղեք` իմ պապական ծիրանի տակ...

Պարույր Սեւակի խոսքերից մեջբերում.

                                             Ինչ եմ եղել ողջ կյանքում
                                             Հարսանքավոր ու քավոր,
                                             Մինչ ամենքից ավելի ինձ էր օջախ հարկավոր,
                                             Վստահեցին ինձ, հոգիս դարձավ գաղտնարան,
                                             Վստահեցի շատերին, գաղտնիքս առան ու թռան:
                                             Ես զղջում եմ մի պահ
                                              Սեր ու բարիք հրամցրել
                                             Մինչդեռ պետք էր սեր հայցել, իսկ բարիքը վաճառել…