Պարույր Սևակ

Показаны сообщения с ярлыком ՍԵՐԸ. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком ՍԵՐԸ. Показать все сообщения

Սերը


 
Նա գալիս է մի՛շտ էլ Ճամփաներով անհա՛յտ չքարտեզագրված,
Ինչպես ջուրն անձրևի կամ հալոցքի:

-Սերն է:

Հոլանդացիք ծովի՛ց, ամենազո՜ր ծովից
Հող են հափշտակում,
Խլում պատա՜ռ-պատա՜ռ, նշխա՛ր-նշխա՛ր:

-Սերն է:

Երբ վիթխարի նավը մոտենում է դանդաղ
Նավարկելի գետի ցածր կամուրջներին,
Սրանք թևերն իրենց վեր են տնկում,
Իսկույն անձնատուր են լինում կարծես:

-Սերն է...

Հետդ զրուցողին պատասխան ես տալիս`
Խելոք, կարգին-սարքին մեքենայի նման,
Մինչդեռ մտքով անվե՜րջ նրա՛ հետ ես խոսում,
Ով հեռու է քեզնից,
Լոկ անունն է քեզ մոտ,
Իբրև մի անձնագիր, որ... չի կնքված:

-Սերն է:

Քներակիդ զարկը կաթոցքի է նման,
Ա՛յն կաթոցքի, որ (Ճի՜շտ) քար է ծակում:
Որով ձո՛ւկ չեն որսում,
Խեղդում են մա՜րդ:
-Սերն է:
Քնքշացել ես այնքա՜ն
Ու խոցելի՛ դարձել,
Կարծես թե ապրում ես առանց մաշկի:

-Սերն է:

Երկու աչքեր անվե՜րջ հետապնդում են քեզ,
Երկու աչքեր ասես մի զույգ դրոշմ,
Իրենց անջնջելի տիպն են դնում
Կյանքի՛դ, խմած ջրի՛դ, ողջ աշխարհի՛
Եվ մինչևիսկ արյան գնդիկների՛դ վրա,-
Երկու աչքեր`
Դրո՛շմ,
Կնի՛ք,
Խորա՜ն..

-Սերն է...

10.03.64
Դիլիջան

(«նորից չեն սիրում, սիրում են կրկին» շարքից)